Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Հայկական քամի

Հայկական քամի
09.06.2017 | 01:04

Արդեն ապրում ենք Սահարայում՝ շոգ, ուլտրամանուշակագույն ճառագայթներ ու քամի, որ պոկում է տանիքները, ինչո՞վ սամում չէ: Սամումը ավազամրրիկ է, ու մեր բախտը բերել է, որ Հայաստանում ավազ չկա այդքան, բայց կա քամի՝ փոփոխական, միանգամից բոլոր ուղղություններով: ՈՒ հայկական քամին, ինչպես աշխարհի մնացած քամիները, հետևողական չէ ու պատասխանատվության զգացում չունի՝ պարզապես փչում է: ՈՒ քամու նման փոխվում են իրավիճակներն ու մարդիկ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այս շաբաթ իրեն լիովին նախագահ ու վարչապետ էր զգում միաժամանակ՝ Ֆիրդուսի բողոքող ժողովրդի հետ խոսեց, Տավուշ գնաց ու Կողբում խոսեց, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանի հետ տնտեսական հարցեր քննարկեց, հայտարարություններ արեց: Ակտիվ էր հրապարակային: Քաղաքական առումով գուցե ոմանք կարևորեն նրա՝ վարչապետի հրաժարականին վերաբերող հայտարարությունը, բայց շատ ավելի կարևոր էր Չինաստանին վերաբերողը: Մինչ իր հրաժարականի վերաբերյալ երդվյալ լռություն էր պահպանում Կարեն Կարապետյանը, որ վերջերս դադարել է «գմփոց»-ներ պահանջել ու «չեմպիոն» ծրագրերից խոսել, ՀՀ նախագահն ասաց, որ նա չունի հրաժարական տալու պատճառ: Տավուշի մարզ աշխատանքային այցը նրան տարավ Կողբի զորամաս, խորհրդակցությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա հերքեց մամուլի լուրերը, թե Կարեն Կարապետյանը պատրաստվում է հրաժարական տալ: «Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի: Իսկ պարբերաբար հրապարակվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Մենք թե կուսակցության, թե իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմականացման հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»։ Իրոք, ովքե՞ր են բեմականացման հեղինակները, երբ մամուլը նախագահականի վերահսկողության տակ է, և ի՞նչ ցանկություններ ունեն: Նախագահն այդ մասին լռել է: ՈՒ՝ ինչո՞ւ:
Եթե լուրերը «բեմադրվում են» հասարակական կարծիքի ուսումնասիրման համար, սցենարիստը հավասարապես կարող է լինել և՛ Բաղրամյան 26-ը, և՛ Հանրապետության հրապարակը: Բաղրամյան 19-ը խաղից դուրս է: Առանց կրակի ծուխ չի լինում, քամին ծուխը կամ մարում է կամ տարուբերում: Որ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու պատճառ չունի՝ զուտ քաղաքական հայտարարություն էր՝ նախագահն ասաց, որ ինքը հրաժարականի առաջարկ չի արել: Բայց նույն նախագահը ցանկացած պահի կարող է անել քաղաքական հայտարարություն՝ տնտեսական հիմքով, իսկ այդ հիմքով Հայաստանի ոչ մի վարչապետ անխոցելի չէ: Եթե սցենարիստը Հանրապետության հրապարակում էր, ուրեմն զգացել է վտանգը և հրապարակայնացնելով փորձել կանխել: Բայց ի՞նչ ցանկությունների մասին էր նախագահն ասում, ո՞ւմ էր ուզում վերագրել և ո՞ւմ էր զգուշացնում, որ իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չեն կարող: Ի՞նչ իրավիճակ: Ինչ-որ իրավիճակ կա՞:
Ընտրություններից հետո պարզ հայտարարվեց, որ ՀՀԿ-ի վարչապետը Կարեն Կարապետյանն է: Փաստորեն «իրավիճակը» վերաբերում է 2018-ին: Խորհրդարանում մեծամասնություն ունենալով՝ ՀՀԿ-ն է որոշելու նոր վարչապետին, դա ամրագրված է նաև ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրում, ուրեմն ո՞ւմ էր զգուշացնում ՀՀ նախագահը: Փաստացի՝ նրա հերքող հայտարարությունը հաստատեց, որ եղել է նման իրավիճակ: Թվում է՝ նախագահը վարչապետին նաև ազատություն տվեց գործելու իր հայեցողությամբ, հրապարակավ վերացնելով ժամանակավորի կարգավիճակը: Բայց վերացրե՞ց: Ի՞նչ երաշխիք, որ հակասությունների ու հակամարտության խոսակցությունները մտացածին են մինչև 2022-ը: Եվ ավելի: Կստիպի՞ դա Կարեն Կարապետյանին վերջապես մտնել քաղաքական դաշտ: Մինչև հիմա նա աշխատել է իբրև տնտեսական «գմփոց-շմփոցի» մասնագետ՝ քաղաքական կերպարի մեջ մտնելով միայն խորհրդարանական ընտրությունների ընտրարշավում՝ չլինելով ՀՀԿ-ի ընտրացուցակում:

Գուցե դա նրա քաղաքականությունն է՝ չխառնվել քաղաքականությանը՝ չմտնել նախագահի դաշտ, բայց այդ դեպքում գոնե իր դաշտում պիտի ազատություն ունենար: Գուցե դա եղել է ի սկզբանե նախագահի հետ պայմանավորվածություն, որ նա պահում է՝ համարելով իր համար պաշտպանական վահան: Բայց պաշտպանվելով հաջողության հասնում են միայն մյուս կողմի խիստ կոպիտ սխալի դեպքում, Սերժ Սարգսյանը այդ հաճույքը հազվադեպ է որևէ մեկին պատճառում: Քաղաքականության և վարչապետի միջև կայուն տարածությունը նրան զրկում է իրական լծակներից՝ վերածելով սոսկ «կինոյի տղայի», որ իրական դաշտում իրական քայլերի համար պիտի ստանա նախագահի համաձայնությունը: Ի՞նչ հաջողությունների մասին կարող է Կարեն Կարապետյանը մտածել, եթե նրա ռեալ իշխանությունը սկսվում է իր առանձնասենյակից ու ավարտվում Հանրապետության հրապարակում: Բոլոր ծրագրերը, հաշվարկները, օր ու գիշեր՝ շաբաթն էլ ներառյալ, նրա նախարարների աշխատանքը տեղ չի հասնում՝ չի կարող շարժիչը աշխատել մի քանի մասով, երբ մյուս մասերը պարապուրդի մեջ են: Առավել ևս՝ երբ հակառակ ուղղությամբ են պտտվում: Այս շրջագծում նաև շրջանառվեց տարբերակ, որ Սահմանադրությամբ 2018-ի ապրիլից կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ և հիմա քննարկվում է երեք փոխվարչապետների կոնֆիգուրացիա՝ Կարեն Կարապետյան, Գագիկ Ծառուկյան և մեկը ՀՅԴ-ից՝ վարչապետ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ: Այս լուրը և՞ս մտացածին է ու բեմականացո՞ւմ: Եվ՝ ո՞ւմ սցենարով:
Սերժ Սարգսյանի ամենակարևոր հայտարարությունը հնչեց նախագահականում Չինաստանում ՀՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ. «Մեզ համար իհարկե, շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի նախաձեռնած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը, և այս ծրագրի իրականացման գործում մենք անպայման պետք է ակտիվ ներգրավվածություն ունենանք մեր մասով: Չինական ընկերություններն արդեն իսկ մասնակցում են «Հյուսիս-Հարավ» ճանապարհի կառուցմանը, բայց մենք պետք է նաև անպայման դիտարկենք նրանց մասնակցությունը պետություն-մասնավոր համագործակցության տեսանկյունից: Եվ ես չեմ բացառում, որ չինական ընկերությունների հետաքրքրությունը՝ սեփական միջոցներով կառուցելու ճանապարհի մեկ հատվածը, կարող է շատ իրատեսական լինել, և դա մեզ համար կլինի այդ ներդրումների ներգրավում»:


Հայտարարությունը հնչեց այն ժամանակ, երբ Ռուսաստանը փորձագիտական ու քաղաքական մակարդակներով հայտարարում է, որ Մետաքսի մեծ ճանապարհի ցամաքային հատվածը քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական, աշխարհագրական նկատառումներով կարող է անցնել միայն Ղազախստան-Ռուսաստան ուղեգծով՝ դուրս գալով Վոլգոգրադ կամ Սարատով: Տեղեկությունը շրջանառվում է՝ հակառակ նույնիսկ այն փաստի, որ Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում կային բոլորը, չկար Չինաստանը: Հավելեք նաև, որ Չինաստանը պատրաստվում է կես միլիարդ դոլար ներդնել Հայաստանի պղնձարդյունաբերության մեջ՝ վերակառուցելով Ալավերդու գործարանը և չորս տարում հազարից ավելի աշխատատեղ ստեղծելով: Այլևս Հայաստանը չի արտահանի պղնձանյութ, այլ՝ մաքուր պղինձ, և Պեկինը պատրաստ է գնել ամբողջ արտադրանքը: Ո՞նց էր պատասխանը Ռուսաստանին, որ ռուս-չինական ռազմավարական հարաբերությունների մասին դեյուրե չի լռում, դեֆակտո ասելիք չունի: Գուցե չի բացառվում, որ Հայաստանը վերջապես պատասխանի նաև Իրանի տարբեր առաջարկների՞ն: Գոնե այլընտրանք ստեղծելու համար: Ի դեպ, ե՞րբ է Կարեն Կարապետյանը վերջապես գնալու Թեհրան: Հաստատ նրա չմեկնումի պատճառը Հայաստանում ու Իրանում ընտրությունները ու վերջին ահաբեկչությունները չէին Թեհրանում, հարցը օրակարգն է՝ գնալու է ի՞նչ անի: Դա կլինի նրա երկրորդ սխրանքը՝ Թբիլիսիից հետո: Կարեն Կարապետյանին դա է պակասում՝ օրակարգը, որտեղ նշված կետերը գտնվում են նրա և միայն նրա իշխանության շրջագծում: Փաստացի՝ վարչապետության հարցը Հայաստանում հայտնվել է քաղաքական ու տնտեսական աճուրդի կենտրոնում՝ ո՞վ ավելի շատ կվճարի այն լոտի համար, որ վարչապետի աթոռն է: Զավեշտալի է, որ այդ վճարները գնալու են պետական գանձարան:


Քաղաքական քամին քաղաքական դաշտ է բերում Սեյրան Օհանյանին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետևից: Նրանք իրարահաջորդումով նույն ժանգոտ թեզն են թափահարում՝ փոշին թափ տալու համար պետք է ընդդիմության միավորում: Է, պետք էր՝ միավորվեիք, ինչո՞ւ սկանդալ սկանդալի հետևից սարքեցիք ու չմիավորվեցիք ընտրություններից առաջ, թե՞ հիմա Սամվել Բաբայանն այլևս, հայտնի պատճառներով, չի ֆինանսավորում: Նոր ֆինանսավորող է պետք, ասենք, Գագիկ Ծառուկյանը: Նրա հետ Սեյրան Օհանյանը ուզում է համագործակցել: Իսկ Գագիկ Ծառուկյանը մանկության նման երազանք ունեցե՞լ է: Առավել ևս, երբ Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ պայքարելու է իշխանափոխության համար, ու չի բացառում, որ խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել ֆորս մաժորի: Ի՞նչ ֆորս մաժոր՝ հավաքվելու են հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը, Սեյրան Օհանյանը, գուցե Պարույր Հայրիկյանն էլ հերթական անգամ նրանց հետ հաշտվի ու միանա: ՈՒ՝ ի՞նչ են ասելու, որ երկիրը գնում է դեպի կործանում, որ այսպես անհնար է շարունակել, որ «այսօր քաղաքականության մեջ են բոլորը: Այսօր Հայաստանի Հանրապետության ապագայի մասին, նրա անվտանգության, զարգացման մասին մտածող յուրաքանչյուր կարող ուժ, խելացի ուժ, չի կարող իրեն դուրս պահել այն իրողություններից, որ տեղի են ունենում Հայաստանում և Հայաստանի շուրջը»: Հետո ի՞նչ: Ինքնամեծարման ի՞նչ մոլուցք է համակել Սեյրան Օհանյանին, որ կարծում է՝ գործող խորհրդարանը «ամենաապաքաղաքականացվածն» է, «ժողովրդի իսկական շահերը խորհրդարանում չեն արտահայտվում»: ՕՐՕ-ն էր միայն «շահեր» արտահայտո՞ղը: Գուցե, բայց ո՞ւմ շահերը: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ուզում է իշխանությանը հակակշռել՝ մարդը չի դադարում երազել: Հրաշալի է անձնական մակարդակում, կուսակցական մակարդակում զավեշտ է: Միայն թվում է, թե Սեյրան Օհանյանը հերթական սխալ հաշվարկն է անում՝ խոսում է ինչ-որ անկապ համախմբումից, Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցությունից, խորհրդարանից դուրս մնացած «լուրջ» քաղաքական ուժերի միավորումից, ֆորս մաժորից ու հայրենիքին ծառայելու բուռն ցանկությունից: Հաշվարկ չկա: Կա և լինելու է հրահանգ, իսկ դա նրան դարձնում է վտանգավոր, որովհետև նույն հրահանգը համաժամանակյա ստանալու են համախմբման բոլոր «ենթակաները», Սեյրան Օհանյանին մնալու է սպիտակ ձի գտնել: Ոչինչ, որ նրանց կամ մեկ այլ միավորման հասարակական պահանջարկ չկա: Ոչինչ, որ այդպես էլ Սեյրան Օհանյանը խոսեց-խոսեց ու չպատասխանեց իրեն ուղղված հարցերին՝ ապրիլյան քառօրյայում իր դերի մասին՝ 800 հեկտարի, անորակ դիզվառելիքի, խրամատներում դիրքավորված զինվորների սպառազինության: Զինվորի կամքով ու կյանքով կասեցված թշնամու: Նրա բախտը բերում է, որ այդ հարցերը նաև գերագույն գլխավոր հրամանատարին են վերաբերում, ուստի ինքն առժամանակ կարող է չպատասխանել: Բոլորն էլ ունեն պահարան, որտեղ անցյալի կմախքներն են ապրում: Բայց ոչ բոլորն են ուզում քաղաքական ասպարեզում ապրել, ու ոչ բոլոր կմախքներն են համր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Սահարայում ավազի պակաս չկա, բայց Եգիպտոսը շինարարության համար ավազ է ներմուծում: Գուցե Հայաստանին էլ պետք է քամի՞ արտադրել: Քաղաքական քամի, որ տանիքները պոկի ու գաղջ ապահովությունը ցրի, թե՞ հայկական քամին, ինչպես աշխարհի մնացած քամիները, հետևողական չէ, պատասխանատվության զգացում չունի՝ պարզապես փչում է: Համաժամանակյա ու բոլոր ուղղություններով:

Դիտվել է՝ 4037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ